ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Որոշ նյութեր գրադարանի աշխատակիցները համացանցից վերբեռնում են և թվային տարբերակով տրամադրում ընթերցողներին»

«Որոշ նյութեր գրադարանի աշխատակիցները համացանցից վերբեռնում են և թվային տարբերակով տրամադրում ընթերցողներին»
11.09.2012 | 01:53

1991-ից սկսած Հայաստանում փակվել են 300-ից ավելի գրադարաններ, կան մարզեր, որտեղ արձանագրվել են գրադարանների փակման բարձր ցուցանիշներ` Լոռիում, Շիրակում, Տավուշում:
Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում այսօր գործում է երեք գրադարան, մարզերում` ընդհանուր թվով` տասը:
Ստեփանավանի միակ գործող գրադարանը կազմավորվել է 1996-ին: Ներկայումս գրաֆոնդը կազմում է 145052 կտոր գրականություն: Այն եզակի գրադարաններից է, որը երկրաշարժից հետո մի թերթ անգամ չի կորցրել:
«Գրաֆոնդը աղքատ է, գրեթե չի համալրվում նոր գրքերով: Երբեմն նվիրատվություններ են լինում: Ասենք, մարզային գրադարանը մշակույթի նախարարությունից գրքեր է ստանում, դրանցից որոշակի քանակություն մեզ է հատկացվում,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփանավանի կենտրոնական գրադարանի տնօրեն ԷՄԻԼՅԱ ՔԵՂԻՆՅԱՆԸ:- Այս տարիներին երկու նման դեպք է եղել: Գիտե՞ք` հիմնականում մեզ ինչ գրքեր են տալիս. ինչն իրենց պետք չէ: Ազգային գրադարանը, Դավիթ Սարգսյանի տնօրենության ժամանակ, մեզ համար գրքեր էր ուղարկել, իրենց էլ ասացի` բերեք մեկ գիրք, բայց այնպիսի գիրք, որ պետքական լինի»:
Գրադարանի այցելուները շատ են, մեծ թիվ են կազմում հատկապես ուսանողները: Մեծ է պահանջարկը մասնագիտական գրականության և դպրոցական ծրագրով հանձնարարվող գրքերի: Տնօրենի խոսքով` երևանյան բուհերում հեռակա սովորող ուսանողներին չեն կարողանում ապահովել անհրաժեշտ գրականությամբ: «Եթե նախկինում գիրք էր հարկավոր, մենք պատվիրում էինք ու ապահովում ընթերցողին, հիմա չի գործում միջգրադարանային այդ համակարգը,- ասաց նա:- Իսահակյանի կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը շատ է օգնում ընթերցողներին սպասարկելու հարցում: Հարկ եղած դեպքում դիմում ենք իրեն, Երևանում սովորող մեր ուսանողներին անհրաժեշտ գրականություն է տրամադրում: Նա ծնունդով Ստեփանավանից է, արձակուրդներն այստեղ է անցկացնում, անցյալ տարի մի մեծ արկղ գիրք նվիրեց գրադարանին: Գնել էր այնպիսի գրականություն, որ հաճախ են պատվիրում մեր ընթերցողները: «Նոյան տապան» հրատարակչության տնօրեն Տիգրան Հարությունյանը իր մոտ տպագրված գրքերից է ուղարկում մեզ, օրինակ, ազգագրության վերաբերյալ, փիլիսոփայության ուսումնական ձեռնարկ էր ուղարկել, որ ընդհանրապես չունեինք»: Նոր և, այսպես ասած, լավ գրականության մասին խոսք լինել չի կարող, որոշ նյութեր գրադարանի աշխատակիցները համացանցից վերբեռնում են և թվային տարբերակով տրամադրում ընթերցողներին: «Պատկերացրեք, որ չունենք անգամ Թումանյան, Աղայան, «Վարդանանքի» առաջին հատորը: «Սամվել» չունենք»,- ասում է տնօրենը:
Թե ո՞ւմ պետք է դիմել, ինչպե՞ս պետք է գրաֆոնդը համալրելու համար ֆինանս ձեռք բերել, չգիտեն: Բարդ են այդ մեխանիզմները: Ո՞վ պետք է զբաղվի դրանով: Եթե ուրիշ գրադարաններում պատճենահանման սարք են օգտագործում, ինչը որոշակի գումար է բերում, այստեղ մարդիկ գումար չունեն, արտագրում են անհրաժեշտ նյութերը:
Ստեփանավանում գրախանութներ չկան: «Իսահակյանի գրադարանի օրինակով ուզում ենք գրախանութներ բացել հենց գրադարանում, բայց ասեմ, որ գրենական պիտույքների խանութում մի քանի գիրք տեղադրեցին, հետո դադարեցրին: Մարդիկ չեն կարող 3000-5000 դրամ վճարել, ասենք, հեքիաթների մի գիրք գնելու համար»,- ասաց Էմիլյա Քեղինյանը:
Այս ամենով հանդերձ, ընթերցողները ակտիվ են, գրադարանը տեխնիկապես ապահովված է, նաև մշակութային միջոցառումների կենտրոն է: Խորհրդային տարիներին յուրաքանչյուր գրադարան տարվա մեջ երեք միջոցառում էր կազմակերպում, այստեղ ամիսը մի քանի մեծ միջոցառում են անցկացնում: Լուսաբանումից, սակայն, դժգոհ են: Մարզային հեռուստատեսությունը կամ ոչինչ ցույց չի տալիս, կամ անտեսում է կարևոր դրվագները:
Ընթերցողների հետ երբեմն հանդիպում և գրադարանին իրենց գրքերն են տրամադրում ստեփանավանցի գրողներ Լենդրուշ Հակոբջանյանը, Արփի Ոսկանյանը, Գոհար Քալաշյանը, Անահիտ Սարգսյանը, Գագիկ Շերմազանյանը: Երբեմնի մշակութային կենտրոնն այսօր էլ փորձում է առաջինը լինել:
Գյումրիում կայացած առաջին միջհամայնքային, մշակութային «Արտ էքսպո» ցուցահանդեսում Ստեփանավանի կենտրոնական գրադարանը և մշակույթի պալատը շահել են առաջին մրցանակը:
«Երկումետրանոց տաղավարում 100 հոգով ներկայացրինք մեր քաղաքը` մշակույթի պալատի պարի խումբը, երգչախումբը, Թումանյան, հին ու նոր Նարեկ: ՈՒ դեռ Գիքորն էլ «Էստի համեցեք» էր անում»,- պատմեց Էմիլյա Քեղինյանը:
Նշենք, որ 2003-ին «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի» հայկական մասնաճյուղի հովանավորությամբ կազմակերպված «Հանրային գրադարանները որպես հեռահաղորդակցության կենտրոններ» մրցույթում գրադարանը հաղթող է ճանաչվել և ձեռք բերել համակարգչային տեխնիկա:
2005 և 2007 թթ. ևս գրադարանը հաղթել ԲՀԻՕՀ-ի հայտարարած մրցույթում, որի շնորհիվ Ալավերդու, Տաշիրի, Օձունի գրադարաններում ստեղծվել են նմանատիպ տեղեկատվական կենտրոններ, որոնց աշխատակիցների վերապատրաստումն իրականացվել է Ստեփանավանի կենտրոնական գրադարանում:
Գրատպության 500-ամյակին և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ծրագրին որևէ մասնակցութուն չեն ունեցել:
«Ո՞Ւմ ենք հետաքրքիր, եթե մեզնով հետաքրքրվեին, տեղական համայնքներին չէին հանձնի,- ասաց տնօրենը:- Գրադարանի օր է նշվում, կարելի՞ է մի անգամ էլ մեզ հրավիրել, գուցե մի նոր բան սովորենք: Չնայած որքան հետևում եմ լուսաբանված նորություններին, նոր բան չեմ տեսնում, ինչ ուղղությամբ խորհրդային տարիներին ընթացել են, նույն ձևով էլ շարունակում են»:
Թվայնացնել գրքերը չեն շտապում, քանի որ չունեն բացառիկ գրքեր: Երբ մեծ գրադարաններն ավարտեն թվայնացման գործընթացը, իրենք շատ կարճ ժամանակում կմիանան:
Նշենք նաև, որ երկրաշարժից հետո գրադարանը տարբեր վայրերում է ապաստանել, ներկայումս տեղավորված է համարավետ շենքում: Աշխատողներն ստանում են նվազագույն աշխատավարձ, ինչպես Հայաստանի բոլոր գրադարաններում է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ